Գիգլսի հեքիաթը

Կար չկար մի ուրախ ու նախշուն Գիգլս կար։ Նա աշխարհի չափ սիրում էր ուրախանալ ու ծիծաղել։ Ոչինչ ու ոչ-ոք չէր կարող նրա ուրախ տրամադրության վրա ազդել՝ ո՛չ մութ ամպը, ո՛չ էլ նույնիսկ տխուր գայլը։

Մի պայծառ օր, երբ երկնքում ամպերը ձուկ էին նկարել, Գիգլսն ու իր ընկերները գնացին անտառ՝ արկած փնտրելու։ Անտառն այնքա՜ն սիրուն էր ու կատարյալ։ Ծառերն ու վտակը շատ ուրախացան երեխաներին տեսնելով։

Հանկարծ, կյանքում առաջին անգամ Գիգլսը տխրեց։ Նա շուրթերը ուռացրեց ու աչքերը լցրեց։ Գիգլսը հիշել էր, որ մարդիկ կտրում են ծառերը և շատ հաճախ անպիտան բաներ են սարքում ծառերից։ «Ա՜խր, ծառերն այնքան սիրուն են, բացի դրանից նրանք մեզ թթվածին են տալիս շնչելու համար», - մռթմռթաց Գիգլսը։ Նա աչիկները փակեց ու պատկերացրեց, որ մեծերը գալիս են այս անտառ, տեսնում՝ որքան կախարդական է անտառը ու սիրահարվում անտառի գեղեցկությանը։

Գիգլսը նորից ժպտաց։ Հենց այդ պահին Գիգլսը որոշեց, որ կհավաքի իր բոլո՜ր ընկերներին ու իրենք կլինեն բնություն սիրողները, բնությունը գնահատողները, բնության հրաշքի մասին բոլոր-բոլորին պատմողները։

Գիգլսը և նրա ընկերները անտառի եզրին մի հսկա ծառ գտան, որը մեծ փչակ ուներ, հենց դրա մեջ էլ սարքեցին բնասերների իրենց ակումբը՝ անվանելով այն «Ծառենի»։ «Ծառենի» ակումբի անդամները խաղում էին անտառում ու ամեն օր նոր հրաշքներ բացահայտում։

Հետո, նրանք պատմում էին մարդկանց աննման հրաշքի մասին, որի անունն է բնություն։ Մինչև հիմա էլ նրանք շրջում են աշխարհով, սովորում են նոր խաղեր, զվարթ ծիծաղում ու սփռում աշխարհում հոգատարություն, սեր, ու բարություն։